|
Համագործակցության հուշագիր՝ միավորելու ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 31-ին ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր, որով նախանշվում են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կողմերի համագործակցության եզրերը:
Այս համագործակցության շրջանակներում երկու կողմերն էլ կմիավորեն ռեսուրսները՝ գիտական և կրթական ներուժի հետ միասին՝ համատեղ գիտական հետազոտությունների, կրթական նախագծերի և գործնական նախաձեռնությունների համար:
Հուշագրի կնքմանը հետևել է հանդիպում-քննարկում, որտեղ առավել հստակեցվել են հուշագրում նախանշված համագործակցության առաջիկա քայլերն ու ճանապարհային քարտեզը։
Համագործակցությունը կունենա լայն ընդգրկում՝ ներառելով համակարգչային, ցանցային և գրադարանային ռեսուրսների օգտագործումը, համատեղ գիտաժողովների, սեմինարների եւ այլ գիտական միիջոցառումների կազմակերպումը։ Սա մեծապես կնպաստի պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատողների և ուսանողների միջև համագործակցությանը։
Համագործակցության շրջանակներում կողմերը ջանքերը կմիավորեն համատեղ գիտակրթական լաբորատորիա ստեղծելու նպատակով, որը կխթանի ուսանողների պրակտիկայի առավել արդյունավետ կազմակերպումը։
|
|
|