See All News

21.12.2023

Հայաստանի Հանրապետության ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը տեսնում ենք կրթության և գիտության մեջ. վարչապետը մասնակցել է ԳԱԱ-ի 80-ամյակին նվիրված նիստին և հանձնել մրցանակներ





Սույն թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, գիտական կենտրոնների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, պատվիրակություններ արտերկրից, դեսպաններ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, գիտական հանրության ներկայացուցիչներ։

Հոբելյանական միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

«80 տարիների ընթացքում Հանրապետության բարձրագույն գիտական կենտրոնը դժվարին և բովանդակաշատ ուղի է անցել, մեծ գիտական նվաճումներ ձեռք բերել, արժանացել համաշխարհային ճանաչման: Երկրի գիտական ներուժի պահպանումն ու գիտության զարգացումը, գիտատեխնիկական առաջընթացի ապահովումն ու նոր կադրերի պատրաստումը եղել են ակադեմիայի գործունեության առաջնահերթ ուղղությունները։ 80-ամյա կենսագրությունը միայն իր՝ ակադեմիայի պատմությունը չէ, իրականում այն նաև մեր երկրի պատմությունն է: Այդ տարիների ընթացքում ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության աշխատանքներ ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի, մեխանիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում: Համաշխարհային գիտությունը հարստացել է նորանոր նվաճումներով, ձեռքբերումներով, որոնք հնարավորություն են տվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական դպրոցներ ֆիզիկայի, աստղագիտության, մաթեմատիկայի, հաշվողական տեխնիկայի, քիմիայի, կենսաբանության, հնագիտության և այլ բնագավառներում։

Այսօր ժամանակի հրամայականն է մշակել և ներդնել Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների ծրագիրը, արդիականացնել համակարգի գործառույթները` դրանք համապատասխանեցնելով գիտության զարգացման ժամանակակից պահանջներին, վերափոխել համակարգում իրականացվող հետազոտությունների ուղղվածությունը, հիմնական ուշադրությունը բևեռելով հանրապետության տնտեսության կարիքներից բխող կիրառական աշխատանքներին, ակտիվացնել պետական կառավարման մարմիններին գիտամեթոդական և փորձագիտական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը, ներդնել գիտական կադրերի վերարտադրության արդյունավետ համակարգ, գիտական կազմակերպությունների ղեկավար մարմիններում ներգրավել երիտասարդ գիտնականներին, զարգացնել միջազգային գիտական համագործակցությունը։

Շնորհավորում եմ մեր հանրությանը Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և հուսով եմ, որ ՀՀ ԳԱԱ-ն իր արժանավայել տեղը կպահպանի մեր հասարակության մեջ և պետության ապագա ռազմավարական ծրագրերում», - իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։

Շնորհավորելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի առթիվ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ «Մենք այս դահլիճում բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փառահեղ ժառանգության մասին, և ուզում եմ ընդգծել, որ մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու անհրաժեշտ, կարևոր և ռազմավարական ակտիվ:

Շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա, և իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում: Նաև այս գործոնն է դերակատարում ունեցել, որ մենք 2019թ. շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2018թ. համեմատ 2023թ. գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով՝ շուրջ 2,5 անգամ: 2024թ. արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով:
Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում ընդգծել այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022թ. հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026թ.:

Կարծում եմ`չափազանց կարևոր է ևս մեկ նորամուծություն, որ մենք իրականացրել ենք։ 2022թ. գիտնականները և գիտական թիմերը մրցութային կարգով ստանում են դրամաշնորհներ։ 2023թ. այս մրցութային, դրամաշնորհային ծրագրերով շնորհվել է 8.4 միլիարդ դրամի դրամաշնորհ: 2024թ. պետական բյուջեով դրամաշնորհի ծավալը կլինի 9.3 միլիարդ դրամ:

Ուզում եմ ընդգծել, որ 2024թ. արդյունքներով այս դրամաշնորհային ծրագիրը կառնչվի շուրջ 1000 գիտնականի: Մեր հաշվարկներով՝ այս ծրագրերի գործարկման արդյունքում Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց թիվը 2022-2023թթ․ ավելացել է շուրջ 296 գիտնականով։ Ընդ որում, նրանց մեծ մասը 55 տարեկանից ցածր տարիք ունեցող գիտնականներ են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը Հայաստանի Հանրապետության զարգացումը պատկերացնում է գիտության ոլորտի լրջագույն զարգացումներով և բարեփոխումներով:
«Ինչպես նախկինում չենք պատկերացրել, ապագայում էլ չենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունն առանց զարգացած գիտակրթական ոլորտի, հենց կրթության, գիտության մեջ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հոբելյանական միջոցառման շրջանակներում գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանին և ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանին:
 
News
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
(Տեսնել ավելին)




On May 23, 2024 at 14:00 the general seminar of IIAP will be held (the seminar's room, IV floor).

On the agenda
 there is the report of Arman Vardumyan on "DEVELOPMENT OF DESIGN METHODS FOR AUTOMATED PARAMETRIC OPTIMIZATION OF DIGITAL INTEGRATED CIRCUITS".




ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:




                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION